Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վաստակաշատ գիտնականն ու կրթության հմուտ կազմակերպիչը (ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)
Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու արժանավոր գիտնականի, բժշկական ծառայության գնդապետի, Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Բարձրագույն խորհրդի անդամի, Հայաստանի գիտական ու կրթական բնագավառների երախտավորի բազմամյա արգասավոր գործունեությունը:
Վ.Պ.Հակոբյանը ծնվել է 1938թ. մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, աշխատել է Արթիկի շրջանում` որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1962թ. տեղափոխվել է մայր բուհի` գիտամանկավարժական հարուստ ավանդույթներ ունեցող ֆարմակոլոգիայի ամբիոն, որի աշխատանքներն ավելի քան կես դար գլխավորել է հանրապետության դեղաբանության դպրոցի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ անդամ, պրոֆեսոր Ս.Հ.Միրզոյանը:
1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ.` դոկտորական թեզերը:
Բեղուն է Վ.Պ.Հակոբյանի հասարակական գործունեության ուղին. 1971թ. մինչև 1987թ. ակտիվորեն մասնակցել և արդյունավետ գործունեություն է դրսևորել բուհի աշխատանքների տարբեր օղակներում` արտասահմանցի ուսանողների, ապա` բուժական ֆակուլտետի դեկան, կուսկոմիտեի առաջին քարտուղար, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1987-2006թթ. բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր, 1994-2006թթ. ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, 2006թ.-ից առ այսօր` ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ:
1987 թվականին ընտրվելով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պատասխանատու և պատվավոր պաշտոնում` Վ.Պ.Հակոբյանը 19 տարի շարունակ ցուցաբերել է իրեն բնորոշ կազմակերպչի և նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-94 թվականները. տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը. սակայն այդ պայմաններում անգամ Երևանի պետական բժշկականը հանրապետության այն միակ ԲՈՒՀ-ն էր, որ կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա և ջեռուցում, և ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլև` նկատելիորեն վերընթաց ապրեց:
Հետևողական աշխատանքների շնորհիվ մեծացավ համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլալեզու ուսուցման համակարգը ստեղծելու, համալսարանական կլինիկական հիվանդանոցներ և հանրակացարաններ ձեռք բերելու գործում: Վստահորեն կարելի է ասել, որ նաև Վ.Պ.Հակոբյանի ջանքերի շնորհիվ է, որ բժշկական համալսարանը դարձել է աշխարհի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որի դիպլոմը ճանաչվում է Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի բազմաթիվ երկրներում:
Ուսումնական գործընթացում ուսուցման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման համար ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն արժանացել է դեռևս նախկին ԽՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի դիպլոմին:
Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի հետևողական գործունեության շնորհիվ 1991թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը անվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995թ. ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:
Վաստակաշատ բժիշկ-գիտնականի անունը վաղուց է դուրս եկել հանրապետության սահմաններից և ձեռք բերել միջազգային ճանաչում: Նա ընտրվել է անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի պատվավոր անդամ (Նյու-Յորք, 1994): Դեղագետների միջազգային ֆեդերացիայի անդամ (FIP) (Հագյու, Նիդերլանդներ, 1996թ.): Ֆարմակոլոգիայի միջազգային գիտական ընկերության անդամ (IUPH`R) (Բրյուսել, 1998թ.): Ուղեղային արյունահոսքի և նյութափոխանակության միջազգային ընկերության անդամ (ISCBFM) (Բեռլին, 2003թ.): Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության - Բժշկական կրթության փորձագիտական խմբի անկախ փորձագետ (Բրյուսել, 2001), Լեհաստանի բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի (Վարշավա, 1997) և շուրջ 7 միջազգային այլ ակադեմիաների անդամ:
Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն անդամակցել է նաև մի շարք հանդեսների խմբագրակազմերին: Հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր (1989-2008), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիա» հանդեսի, Իրանի Իսլամական Հանրապետության «Բժշկական միջազգային ամսագրի» և մի շարք այլ հանդեսների խմբագրությունների խորհրդի անդամ, Բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության «Հույս» նախագծի մասնակից (W`ME) (Վիրջինիա. ԱՄՆ, 1996):
Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 270 աշխատություններում (որոնց մեծ մասը` միջազգային գիտական հանդեսներում), այդ թվում` 6 մենագրության (որից 2-ը հրատարակվել է Մոսկվայում, 1-ը` Աթենքում), ուսումնամեթոդական 11 ձեռնարկի, ֆարմակոլոգիայի 3 դասագրքի` բժշկական բուհերի ուսանողների համար: Իր գործընկերների հետ համատեղ գրած այդ դասագրքերը ֆարմակոլոգիայի հայերեն առաջին դասագրքերն են Հայաստանում: Ստացել է 14 հեղինակային արտոնագիր:
Բավական է նշել, որ նրա աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և բազմիցս մեջբերվել համաշխարհային բժշկագիտական գրականության մեջ: Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ և սկսած 1967թ. զեկուցումներով հանդես եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Կանադա, Գերմանիա, Իսրայել, Իրան, Չինաստան, Սինգապուր, Հնդկաստան և այլն):
Վ.Պ.Հակոբյանը, ով պրոֆ. Ս.Հ.Միրզոյանի ղեկավարությամբ ֆարմակոլոգիայի ամբիոնում իր գիտական աշխատանքները սկսել է դեռևս ուսանողական տարիներին` 3-րդ կուրսից, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով, մասնավորապես կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության վրա ընդերածին կենսաակտիվ նյութերի ազդեցության և ինքնակարգավորման մեխանիզմների, ինչպես նաև, բնականոն պայմաններում և ախտաբանական վիճակներում ուղեղի արյան հեմոդինամիկայի կարգավորման գործում գամմա-ամինոկարագաթթվի (ԳԱԿԹ) և նրա ընկալիչների դերի բացահայտմամբ: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:
Կենտրոնական նյարդային համակարգի ինտեգրատիվ գործունեության մեջ զանազան նյարդաակտիվ գործոնների դերի նպատակաուղղված հետազոտությունների շնորհիվ Վ.Պ.Հակոբյանը աշխարհում առաջին անգամ բացահայտեց նյարդաակտիվ ամինաթթուների կարգավորիչ դերը ուղեղային արյան շրջանառության գործում: Մասնավորապես, ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի կողմից բացահայտված է, որ կենդանիների ուղեղային արյունահոսքի ընկճման պայմաններում, շարժողական ակտիվության բարձրացումը նպաստում է ուղեղային արյունահոսքի բարելավմանը, որն ունի գործնական մեծ նշանակություն սակավաշարժ կենսաձևի պայմաններում ուղեղային արյունահոսքի խանգարման կանխարգելման համար:
Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 դոկտորական և 17 թեկնածուական թեզեր:
Վ.Պ.Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, բանիմաց, նախաձեռնող, ունակ գիտնական, որի էության մեջ լիովին ներդաշնակում են նվիրյալ քաղաքացին, զգայուն ու հայրենասեր մարդը:
Պատշաճ ձևով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ և մարտունակ բանակ ունենալու և բանակը բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարևորությունը` Վ.Պ.Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994թ. համալսարանում հիմնադրվեց և մինչև օրս հաջողությամբ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը: Տարիներ շարունակ Վ.Պ.Հակոբյանի անձնական նախաձեռնությամբ համալսարանը ստանձնել էր հայկական բանակի զորամասերից մեկի շեֆությունը: Հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար նրան շնորհվեց բժշկական ծառայության գնդապետի կոչում և նա պարգևատրվեց «Դրաստամատ Կանայանի», ինչպես նաև ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի պատվոգրերով, անհատական զենքով:
Վ.Պ.Հակոբյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի բժշկական համալսարանի ուսանողները ստանան մասնագիտական խոր գիտելիքներ, դառնան որակյալ մասնագետներ: Մեծ է Վ.Պ.Հակոբյանի վաստակը` որպես հմուտ ու ինտելեկտուալ մանկավարժի, որպես մեծ հոգեբանի, որն օժտված է դասախոսական մեծ արվեստով:
Որպես բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ ու անվանի գիտնական, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին` Հունաստանում անգլերեն լեզվով հրատարակված «Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն» մենագրության համար:
Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ.Պ.Հակոբյանը միաժամանակ ծավալում է հասարակական գործունեություն, որի շնորհիվ արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաև` ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» հուշամեդալին: Առողջապահության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով, ինչպես նաև` ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագրով:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բարձր գնահատելով Վ.Պ.Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգևատրեց հոգևոր բարձրագույն պարգևով`«Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ»շքանշանով: Նա արժանացել է նաև«Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին:
Բժշկագիտության և մարդասիրության բնագավառում, ինչպես նաև` հասարակական գործունեության մեջ, Վ.Պ.Հակոբյանը իր արժանի ծառայությունների արդյունքում պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի ոսկե մեդալով, Վերնադսկու անվան þþՈսկե Աստղþþ բարձրագույն պարգևով, Ֆ.Նանսենի անվան ոսկե հուշամեդալով, Ռուսաստանի Ֆեդերացիայի Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալով և այլն:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը և ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի խմբագրության աշխատակազմը շնորհավորում են սիրելի Վիլեն Պարույրի Հակոբյանին, մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն և հետագա աշխատանքային հաջողություններ` ի բարօրություն մեր հայրենիքի:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն
Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...
Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E
Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...
Բանալի բառեր. հրազենային վնասվածքներ, պատերազմական գործողություններ, վիրավորներ, վիրաբուժական օգնություն
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վիրավորների բուժման գործում կուտակված մեծ փորձը հետագայում վերլուծելով ակնհայտ դարձավ, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների բուժման արդյունքները գոհացուցիչ չեն [1]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն