Երեխա Խոցային հիվանդություն` ստամոքսի և տասներկումատնյա աղիքի (մանկական տարիքի)
Պայմանավորված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի խոցոտմամբ։
Երեխաների մոտ սուր գաստրոդուոդենալ խոցերը հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթների դեղորայքային ախտահարման հետևանք են։ Լորձաթաղանթի փոփոխությունները կարող են լինել տարբեր՝ սկսած գաստրիտի մակերեսային ձևերից մինչև հեմոռագիկ և էռոզիվ կամ նույնիսկ բորբոքային խոցաէռոզիվ ձևերը։ Խոցածին (ուլցերոգեն) հատկությամբ են օժտված ացետիլսալիցիլաթթուն, անալգինը, բուտադիոնը, ինդոմեթացինը (մետինդոլ), ռեզերպինը, ստերոիդ հորմոնները և այլն։ Սուր խոցեր կարող են պատահականորեն հայտնաբերվել պաթոլոգաանատոմիական հետազոտությունների ժամանակ։ Տարբերում են խոցերի չորս ձև.
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների խոց (Կուշինգի խոցեր),
- տարածուն այրվածքներով հիվանդների խոց (Կեռլինգի խոցեր),
- ստերոիդ խոցեր,
- սթրեսային խոցեր, որոնք առաջանում են վիրահատություններից հետո սեպսիսի, միոկարդի ինֆարկտի և այլ հիվանդությունների ֆոնի վրա։
Շատ հաճախ խոցային հիվանդությունը հանդես է գալիս որպես քրոնիկական հիվանդություն, որը տարբերվում է իր էթիոպաթոգենեզով և ընթանում է սրացման ու ռեմիսիայի շրջաններով։
Խոցային հիվանդությունը մեծ մասամբ առաջանում է դպրոցական տարիքում։ Ըստ գրականության տվյալների, երեխաների 80- 90%-ի մոտ խոցային հիվանդությունը տեղակայվում է տասներկումատնյա աղիքում։
Էթիոպաթոգենեզը։ Բազմապատճառային հիվանդություն է։ Խոցային հիվանդության զարգացման մեջ առանձնացվում են մի շարք գործոններ։ Հիմնական գործոններից մեկը հոգեմարմնական և հորմոնային խանգարումներն են, որոնք առաջացնում են ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի գործունեության խանգարումներ։ Խոցային հիվանդության գենեզում էական դեր ունի սննդային ալերգիան։ Վերջին տարիներին խոցային հիվանդության պատճառաախտաբանության ուսումնասիրության գործում մեծ ուշադրություն են դարձնում իմուն պրոցեսներին։ Խոցային հիվանդությամբ տառապողների արյան շիճուկում, հատկապես հիվանդության սրացման շրջանում, հայտնաբերվում են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի նկատմամբ գործող հակամարմիններ։ Հիմնական գործոններից են նաև մարսողության տեղային խանգարումները։ Հիվանդության ախտածագման պատճառները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝
- ախտածին (ագրեսիվ) գործոններ,
- լորձաթաղանթի դիմադրողականության կամ «պաշտպանական» գործոններ։
Ախտածին (ագրեսիվ) հատկություններով են օժտված բազմաթիվ էնդոգեն և էկզոգեն ազդակներ, որոնք իրենց ախտաբանական ազդեցությունը դրսևորում են նյարդահումորալ կարգավորման խանգարման պայմաններում։ Պաշտպանական գործոններից է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձային պատնեշը, որի ակտիվությունը պայմանավորված է գեղձային ապարատի, լորձաթաղանթի նյարդավորման և անոթավորման, վերականգնման ունակությունների վիճակով։ Խոցի առաջացման պաթոգենեզում առաջնակարգ դեր ունի թթվապեպտիդային գործոնը։ Ըստ ժամանակակից պատկերացումների, ստամոքսային հիպերսեկրեցիան խոցային հիվանդության զարգացման համար նախատրամադրող նախապայման է։
Երեխաների մոտ խոցային հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների մեջ կարևոր նշանակություն է տրվում ժառանգական նախատրամադրվածությանը։ Ուշագրավ են հիվանդության զարգացման պրոցեսում արյան խմբերի նշանակության մասին վկայող տվյալները։ Ապացուցված է, որ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության զարգացման հավանականությունը 1,5 անգամ ավելի մեծ է այն անձանց մոտ, որոնք ունեն 0 (I) խումբ և ռեզուս-դրական արյուն (Ա.Մ. Զապրուդնով, Ա.Վ. Մազուրին)։ Այդ դեպքում արյան խմբային պատկանելիությունը դիտվում է որպես ժառանգական գործոն, որը նպաստում է խոցային հիվանդության զարգացմանը։ Նշանակություն ունեն նաև հատկապես նախկինում կրած ստամոքսաաղիքային հիվանդությունները, օրվա և սննդի ռեժիմների խախտումները և այլև։
Կլինիկան։ Հիվանդների հիմնական գանգատը որովայնի, հաճախ վերորովայնային շրջանի ցավերն են։ Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ ցավային համախտանիշը պակաս ինտենսիվ է և ավելի կարճատև։ Միջին դպրոցական տարիքի երեխաների մոտ ցավերն ավելի են արտահայտված և երկարատև։ Եթե հիվանդության սկզբում ցավերը քիչ են բնորոշ, ապա հետագայում դառնում են մշտական։ Ցավերը ծագում են քաղցած վիճակում, երբեմն գիշերը և զգալի նվազում` ուտելուց հետո։ Բավական բնորոշ են համարվում գիշերային և քաղցի ցավերը։ Սրացման երևույթներն են սրտխառնոցը, փսխումը։ Օբյեկտիվ քննության ժամանակ հիվանդների մեծ մասի մոտ նկատվում է մաշկի գունատություն, լեզվի փառակալում։ Որովայնի շոշափման դեպքում առավելագույն ցավոտություն հայտնաբերվում է էպիգաստրալ և պիլորոդուոդենալ շրջաններում, ինչը հայտնաբերվում է նաև պերկուսիայի ժամանակ (Մենդելի ախտանիշ)։
Արյան ընդհանուր քննությունը երբեմն կարող է հայտնաբերել թեթև արտահայտված լեյկոցիտոզ, լիմֆոցիտոզ, էոզինոֆիլիա, մոնոցիտոզ, ԷՆԱ-ի իջեցում։ Կղանքի քննությունը կատարվում է թաքնված արյան հայտնաբերման ուղղությամբ։
Ստամոքսի գործունեության լաբորատոր քննությունները հայտնաբերում են արտազատման, թթվա- և ֆերմենտագոյացման զգալի ուժեղացում։ Տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ գերթթվային վիճակը հաստատվում է ռադիոտելեմետրիկ հետազոտությամբ, ինչպես նաև ներստամոքսային զոնդի օգնությամբ։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում են խոցային հիվանդության ուղղակի և անուղղակի նշանները։ Ռեստգենաբանական ուղղակի նշաններն են որմնախորշի, բորբոքական պատնեշի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի ուրվագծերի սպիական ձևափոխումների հայտնաբերումը, ծալքերի համամիտումը (կոնվերգենցիան) որմնախորշի կամ խոցային սպիի ուղղությամբ։ Անուղղակի նշաններ են համարվում ստամոքսի տոնուսի փոփոխությունը, պերիստալտիկայի ուժեղացումը, տասներկումատնյա աղիքում կոնտրաստային նյութի կանգը կամ արագ դատարկումը, պիլորոդուոդենալ շրջանի կծկանքը (սպազմը), քաղցած վիճակում արտազատվող հեղուկային մակարդակի առկայությունը և այլն (նկ. 95)։ Ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի խոցային փոփոխությունները հստակ որոշելու լավ հնարավորություն է տալիս էնդոսկոպիական հետազոտությունը։
Երեխաների մոտ խոցային հիվանդության բարդություններից են պիլորոդուոդենալ շրջանի ստենոզը (նեղացումը), արյունահոսությունները և թափածակումը (պերֆորացիան)։ Պիլորոդուոդենալ շրջանի նեղացումն արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով, ախորժակի բացակայությամբ, հաճախակի փորկապություններով։ Ռենտգենաբանորեն հայտնաբերվում է ստամոքսի մեծացում, բարիումի դատարկման դանդաղում։ Արյունահոսությունը խոցային հիվանդության ամենասպառնալից բարդություններից է։ Հիվանդի վիճակը վատանում է, հայտնվում է արյունային փսխում, ձյութանման կղանք, անեմիա։ Տասներկումատնյա աղիքի խոցի թափածակումը զարգանում է հանկարծակի, տալով սուր որովայնի պատկեր։ Երբեմն խոցը կարող է թափածակվել դեպի հետորովայնամզային բջջանքը և փոքր ճարպոնի մեջ։
Բուժումը։ Կոմպլեքսային է։ Ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ ֆիզիկական և հոգեկան հանգիստ, բուժական սնունդ և դեղորայքային բուժում։ Հիվանդության սրացման ժամանակ բուժումը նպատակահարմար է կատարել հիվանդանոցային պայմաններում։
Սրացման ժամանակ նշանակվում է անկողնային ռեժիմ` երկու շաբաթ տևողությամբ։ Դիետաթերապիան հիմնված է ստամոքսի խնայման սկզբունքի վրա։ Սնունդը պետք է լինի հաճախ, կոտորակային, փոքր բաժիններով։ Սրացման փուլում առաջին շաբաթվա ընթացքում նշանակվում է №1ա դիետա (կաթ, կաթնաշոռ, թթվասեր, թերխաշ ձու, գազարի, կաղամբի հյութ), II և III շաբաթներում՝ №1բ դիետա (լրացուցիչ տրվում է չոր հաց, խաշած միս, սուֆլեի ձևով ձուկ), IV շաբաթում և հետագայում №1 դիետա (լրացվում է խաշած կարտոֆիլով, սպիտակ չոր հացով, շոգեխաշ կոտլետներով), որը շարունակվում է 3-4 ամիս։ Հետագայում անցնում են ավելի ընդարձակ դիետայի, չնայած սրացումից 2-3 տարի հետո, նույնիսկ կայուն ռեմիսիայի դեպքում, սննդում սուր կերակրաբաժինների, թթու, կծու սննդամթերքի օգտագործումն արգելվում է։ Խնայող դիետայի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել հիպովիտամինոզի, ուստի հատուկ նշանակություն է տրվում A, B1, B12, C վիտամինաթերապիային։ U (յու) վիտամինը, որպես հակախոցային գործոն( գտնվում է կանաչեղենում, հում կաթում, ձվի դեղնուցում, հում լյարդում, կենդանական և բուսական ծագման ճարպերում), ցուցաբերում է հակաբորբոքային, հակահիստամինային և հակաալերգիկ ազդեցություն։ Հակաթթվային թերապիան բուժման ախտածնական գործոններից մեկն է։ Խոցային հիվանդության սրացման շրջանում բուժման կարևոր բաղադրիչներից են խոլինոլիտիկները։ Վերջիններս օժտված են նյարդային համակարգի տարբեր մակարդակների խոլիներգիկ սինապսներում նյարդային իմպուլսների հաղորդումը ընդհատելու հատկությամբ։ Հուզական վիճակի վրա ազդելու նպատակով տրվում են հանգստացնող միջոցներ։ Սնուցողական և վերականգնման պրոցեսների բարելավմանը նպաստում են նաև անաբոլիկ հորմոնները:
Երեխաների խոցային հիվանդության բուժման կարևոր մեթոդներից է ֆիզիոթերապիան, որը, սակայն, պետք է կիրառել մեծ զգուշությամբ։ Տաքացում կարելի է կատարել ջերմակներով, կոմպրեսների, պարաֆինային ապլիկացիաների օգնությամբ։ Հետագայում նշանակում են ՈԻՎՉ, դիաթերմիա, էլեկտրաֆորեզ՝ կալցիումի քլորիդով, նովոկաինով կամ խոլինալուծիչ դեղամիջոցներով։ Ֆիզիոթերապևտիկ միջոցները հանում են մկանային սպազմը, թուլացնում ցավերը, նպաստում ռեգեներացիայի պրոցեսներին։ Մեծ նշանակություն է տրվում քրոնիկական վարակային օջախների բուժմանը։
Սանատոր-առողջարանային բուժումը կատարվում է ժելեզնովոդսկում, Էսենտուկիում, Տրուսկավեցում, Բորժոմում, Ջերմուկում։ Այն ցուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության ռեմիսիայի շրջանում վերջին վեց ամիսներին արյունահոսության և թափածակման, ինչպես նաև ստենոզի բացակայության դեպքում։
Հիվանդության հակառեցիդիվային բուժումն առաջարկվում է կատարել գարնանը և աշնանը օգտագործելով դպրոցական արձակուրդները: Հակառեցիդիվային բուժման կուրսն ընդգրկում է 1 շաբաթյա կիսաանկողնային ռեժիմ, 10-է4-րդ օրերին անցնելով ընդհանուր ռեժիմի։ Նշանակվում Է №1բ սեղան՝ 5-7 օր, այնուհետև №1սեղան՝ 2 շաբաթ, հետագայում՝ №5։ Բացի դիետաթերապիայից, նշանակվում են հակաթթվային պատրաստուկներ, վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ միջոցներ։
Վիրաբուժական միջամտության ցուցումներ են կյանքին սպառնացող բարդությունները՝ առատ արյունահոսություններ, թափածակում, ստամոքսաելքի օրգանական նեղացում։ Վիրահատական բուժման համար ցուցումներ են hամարվում նաև hաճախակի սրացումներով ընթացող պենետրացիոն խոցերը և hամառ ցավային hամախտանիշները։
Կանխարգելումը։ Երեխայի օրվա ռեժիմի և սննդակարգի ճիշտ կազմակերպում, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնման հերթագայում, նյարդաhոգեկան լարված վիճակների բացառում։ Առանձնաhատուկ նշանակություն ունի նախախոցային վիճակների ժամանակին ախտորոշումը և վերացումը, ինչպես նաև խոցային hիվանդություններով տառապող երեխաների ճիշտ դիսպանսերացումը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն