Խիստ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով հագեցած «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակից բուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերում։
«Գյումրու բժշկական կենտրոն»-ի կառուցման մասին նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ, ըստ որի նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները՝ ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ և մոտ 400 հոգանոց աշխատակազմով։ Բժշկական կենտրոնի կառուցումն իրականացվեց ՀՀ կառավարության «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվեց Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով։
Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2010թ. սեպտեմբերի 9-ին։